National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.11.2016
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մամուլի ասուլիսում ամփոփել են տարեկան նստաշրջանի աշխատանքները
1 / 4

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Միքայել Մելքումյանը նոյեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել նոյեմբերի 18-21-ը Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ պատվիրակությունն ակտիվ մասնակցել է տարեկան նստաշրջանի աշխատանքներին, հարցադրումներով եւ առաջարկներով հանդես եկել հանձնաժողովներում եւ լիագումար նիստում:

Նիստում քննարկվել եւ ընդունվել է 6 բանաձեւ, հավանության է արժանացել 16 զեկույց, որոնք հիմնականում վերաբերել են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության տարբեր խնդիրների: Խոսելով քննարկված հարցերի վերաբերյալ՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ այս նստաշրջանի ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ Թուրքիայի մի շարք պաշտոնատար անձինք՝ արտաքին գործերի նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, արդարադատության նախարարը, գիտության եւ տեխնոլոգիայի նախարարը եւ այլն: Նրանց ելույթներին հաջորդել են հարցուպատասխանի ձեւաչափով քննարկումները, որոնց ընթացքում հայ պատվիրակները հնչեցրել են որոշակի հարցեր, ներկայացրել իրենց մտահոգությունները: Պարոն Նահապետյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի կանոնակարգով սահմանված ձեւաչափը հնարավորություն չի տվել հանդես գալ ելույթներով եւ ներկայացնել տեսակետներ:

Պարոն Նահապետյանը նաեւ տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նոր նախագահ է ընտրվել իտալացի պատվիրակ Պաուլո Ալին, ում հետ հայկական պատվիրակության անդամներն ունեն երկարատեւ եւ արդյունավետ համագործակցություն:

Պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Միքայել Մելքումյանը ներկայացրել են ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ոլորտային հանձնաժողովներում իրենց կատարած աշխատանքը, անդրադարձել քննարկված հարցերին, Թուրքիայի տնտեսական եւ ներքաղաքական իրավիճակին, Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո քաղաքացիների եւ պատգամավորների ձերբակալություններին, դրանց վերաբերյալ մի շարք եվրոպացի պատվիրակների բացասական գնահատականներին: Ըստ այդմ՝ եվրոպացի պատվիրակներից ոմանք Թուրքիայում տեղի ունեցած այդ գործընթացները որակել են որպես ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունեցող գործողություններ:

Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշել է, որ քաղաքական եւ պաշտպանության, ինչպես նաեւ՝ անվտանգության հանձնաժողովներում եւ լիագումար նիստում հայ պատվիրակները բարձրացրել են հայ-թուրքական փակ սահմանների, Թուրքիայի կողմից հարեւան երկրների հետ հարաբերությունների, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի բացասական դերակատարության վերաբերյալ հարցեր, որոնց, ըստ էության, թուրք պաշտոնյաները չեն տվել որեւէ հստակ արձագանք. ընդհակառակը, ինչպես նկատել է Կորյուն Նահապետյանը՝ թուրք պաշտոնյաների արձագանքը եղել է ջղագրգիռ՝ ցույց տալով, թե իբր հայկական կողմի հայտարարություններն ու պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների հարցերին:

Ամփոփելով ասուլիսը՝ Կորյուն Նահապետյանը կարեւորել է տարբեր խորհրդարանական վեհաժողովներում հայկական պատվիրակությունների աշխատանքը եւ նշել, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակությունն անում է առավելագույնը՝ ներկայացնելու համար մեր ազգային շահերից բխող տեսակետները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am